Հայալեզու հանրակրթական ծրագիրը ճանաչվել է լիարժեք գործող միջազգային ծրագիր

«Այբ» դպրոցում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում ստեղծված «Արարատյան բակալավրիատ» հայալեզու կրթական ծրագրի միջազգային ճանաչմանը։ Ասուլիսին մասնակցել են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ԿԳԱԾ-ի տնօրեն Տ․ Մեսրոպ քհն. Արամյանը և «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ ականատեսն ենք շատ կարևոր ծրագրի արդեն փորձնական կիրառման, որը ոչ պակաս գեղեցիկ անվանում ունի՝ «Արարատյան բակալավրիատ»:

 

«Երբ ասում ենք, որ մեր կրթական համակարգը պետք է համապատասխանեցնել միջազգային չափորոշիչներին, կարևոր է այն ոչ միայն ձևական իմաստով ճանաչելի դարձնել, այլև Հայաստանում իրականում ձևավորել կրթական արդյունք, որի բոլոր փուլերը հնարավոր լինի մատուցել մեր երկրում: Օրինակ, եթե ունենք լավ դպրոց, բայց չունենք լավ բուհ, ապա կրթական շղթան չի ամբողջանա: Ուստի, վերջին տարիներին հետևողականորեն ձևավորվում է մի կրթական համակարգ, որը ազգային է, բայց միաժամանակ հասկանալի աշխարհի համար: Այդ առումով կարևոր է, որ առաջին անգամ հայալեզու հանրակրթական ծրագիրը ճանաչվում է՝ որպես լիարժեք գործող միջազգային ծրագիր: Այսինքն, ՀՀ-ում ունենք այլընտրանքային ծրագիր, որ ունի բավականին բարձր միջազգային որակ»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ Հայաստանն անցումային փուլում՝ հանրակրթությունից դեպի բարձրագույն կրթություն, որդեգրել է ամերիկյան ձևաչափը, երբ ձևավորվել է թեստավորման կենտրոնը. վերջինիս միջոցով անցում է կատարվում ավագ դպրոցից բուհ: ««Արարատյան բակալավրիատ» ծրագրով ունենում ենք երկրորդ ճանապարհը՝ գերազանցության կենտրոն, որի չափանիշները բարձր որակակական պահանջների մեջ են, հետևաբար ՀՀ կրթական համակարգն աստիճանաբար պետք է անցնի դրան: Բոլոր ավագ դպրոցներին հնարավորություն է տրվելու՝  երկու ճանապարհից ընտրել մեկը, ուղղակի երկրորդն ապահովելու է նաև միջազգային արդյունք: Պետք է փորձել ծրագիրն իջեցնել հնարավորինս լայն հատված, օրինակ՝ գերազանցության դասարաններ, թեկնածու դպրոցներ, այսինքն՝  շարժում սկսել, որ յուրաքանչյուր դպրոց հասկանա, որ այս ճանապարհն իր համար է, և որ այն ունի այլընտրանք, եթե կարողանա  վերակազմակերպել իր աշխատանքը: Կարևոր է, որ չէլիտարացվի համակարգը: Այս ամենին պատրաստվելու համար մեկ ամսվա ընթացքում կկազմենք ծրագիր, որ դպրոցները կարողանան մասնակցել այդ իրավունքի մրցույթին»,-նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ ծրագրի իրականացմանն ուղղվել են նաև պետբյուջեի միջոցներ, հատկապես մեթոդաբանական, գաղափարական հենքի ձևավորման ժամանակ: «Եթե կարողանանք ծրագիրն այնպես ինտեգրել մեր կրթական համակարգին, որ հետո ունենանք բակալավրական և մագիստրոսական ծրագրով շարունակություն, ապա Հայաստանում կստանանք կրթական կլաստեր՝ իր սկզբնական կրթությունից մինչ վերջին փուլ: Հայատառ ծրագրի ճանաչումը կարևոր ձեռքբերում է, ուղղակի պետք է փորձել այդ ճանապարհին ապահովագրվել կրթության որակի կորուստներից: Հույս ունենք, որ մոտակա երկու տարիներին կտարածենք այս փորձը ՀՀ բոլոր մարզերում», - նշել է նախարարը՝ ընդգծելով, որ պետք է ուշադրություն դարձնել նաև փոքր դպրոցներում որակի պահպանման և ձևաչափի, մեթոդոլոգիական լուծումներ տալու խնդրին:

ԿԳԱԾ-ի տնօրեն Տ․ Մեսրոպ քհն. Արամյանն իր հերթին տեղեկացրել է, որ ամփոփվել է «Արարատյան բակալավրիատի» միջազգային ճանաչման գործընթացը:
 
«Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի ճանաչման և համեմատության ազգային գործակալության կողմից /UK NARIC/ ծրագիրը ճանաչվել է՝ որպես միջազգային գերազանցության հարթակ: Ծրագիրը լիովին համապատասխանում է  բրիտանական A և ամերիկյան Advanced Placement մակարդակներին: Այսինքն՝ այսուհետ հայ երեխաները հայերենով կարող են հանձնել քննություններ և դրանց հիման վրա ընդունվել աշխարհի լավագույն համալսարաններ կամ իրենց արդունքները կրեդիտավորել այդ բուհերում»,-նշել է նա՝ ընդգծելով, որ Կրթության գերազանցության ազգային ծրագրի հիմնական նպատակն է՝ լավագույն կրթությունը հասանելի դարձնել բոլոր հայ երեխաներին, և այդ կրթական պլատֆորմը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին և այն տարածել ողջ հանրակրթական համակարգում: «Ծրագրի շրջանակում պատրաստվել և վերապատրաստվել են համապատասխան ուսուցիչներ, մասնագիտական կազմ, որ պատրաստ է աշնանից ձեռնամուխ լինել վերոնշյալ գործընթացի իրականացմանը: Ծրագիրն ապագայում դառնալու է մագիստրատուրայի  ծրագիր ՀՀ 2 համալսարաններում: Ծրագրի մյուս գործոնը միջազգային քննություններն են. այս գարնանն առաջին անգամ «Այբ» դպրոցում անցկացվել են Քեմբրիջի համալսարանի խորացված մակարդակներին համազոր միջազգային քննություններ: Այդ արդյունքներով արդեն մեր շրջանավարտները սովորում են աշխարհի լավագույն բուհերում: Առհասարակ, քննությունների արդյունքները շատ տպավորիչ են, այդ թվում՝ Քեմբրիջի մասնագետների համար», - նշել է նա:

Ասուլիսից  հետո բանախոսներն առաջին անգամ հայերենով անցկացված, բայց միջազգայնորեն ճանաչելի «Արարատյան բակալավրիատի» առաջին քննությունների հավաստագրեր են հանձնել են դրանք հաջողությամբ հաղթահարած աշակերտներին: Այդ հավաստագրերը հնարավորություն կընձեռեն աշակերտներին՝ առանց լրացուցիչ քննությունների ընդունվել աշխարհի մի շարք բարձրակարգ համալսարաններ:
07.09.2016 11:9
2060

Copyright © 2012-2024 - Das.am



DAS.am-ի վերլուծությունների, հարցազրույցների կամ նորությունների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում ակտիվ հղումը www.das.am կայքի գլխավոր էջին պարտադիր է
Կայքում տեղադրված դասագրքերի լուծումների ամբողջական կամ մասնակի օգտագործումը թույլատրվում է միայն DAS.am կայքի խմբագրության գրավոր համաձայնության դեպքում: