Հաշմանդամ երեխաների ինտեգրումը համընդհանուր ներառականության մաս է. Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության պատվիրակությանը և աշխատանքային այցով Հայաստանում գտնվող  «Նախաձեռնություն հանուն երեխայի առողջության և կրթության» ծրագրի աջակից` «Մեդիկոր»  հիմնադրամի  ծրագրի պատասխանատու Ռիկուս Ջասոմետիին: Ողջունելով հյուրերին` ԿԳ նախարարը գոհունակություն է հայտնել «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ»  կազմակերպության  հետ  երկարատև և արդյունավետ  համագործակցության  համար, հայտնում են ԿԳՆ-ից:

«Շատ կարևոր է, երբ  միջազգային հասարակական կազմակերպությունները Հայաստանում հետևողական և արհեստավարժ գործունեություն են ծավալում: Այն մեծ աշխատանքը, որ դուք իրականացնում եք  նախադպրոցական կրթության զարգացման և ներառականության տարածման ուղղությամբ, կարևոր և հեռանկարային գործընթաց է և համահունչ  է մեր այսօրվա կրթական քաղաքականությանը»,- իր խոսքում նշել է Լևոն Մկրտչյանը: 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Մեդիկոր հիմնադրամի  ծրագրի պատասխանատու Ռիկուս Ջասոմետին  իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ ԿԳ նախարարին` Հայաստանում համընդհանուր ներառականության տարածման և նախակրթարանների  զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար: Նա տեղեկացրել է, որ երկրորդ անգամ լինելով Հայաստանում` արդեն կոնկրետ դրական տեղաշարժեր է արձանագրել: «Այսօր ես վերադարձել եմ Գեղարքունիքի մարզի Գետաշեն համայնքից, որտեղ գործում է դպրոցահեն նախակրթարանը և շատ տպավորված եմ: Այստեղ, անշուշտ, նաև մեր կազմակերպության աջակցությամբ  աշխատանքներ են տարվում ոչ միայն երեխաների, այլ նաև նրանց ծնողների հետ. գործում է ծնողական ռեսուրս կենտրոնը», - նշել է Ռիկուս Ջասոմետին:  

Անդրադառնալով համընդհանուր ներառականության տարածման խնդրին` նախարարը նշել է, որ  մեր հասարակության մոտ թեպետ աստիճանաբար ձևավորվում է ներառականության իրական պատկերը, այդուհանդերձ դեռևս թյուրըմբռնում կա: «Ներառականությունը շատերի պատկերացմամբ հաշմանդամ երեխաների ինտեգրում է սովորական հանրակրթական դպրոցներ, որոնք էլ պետք է հարմարեցված լինել հաշմանդամներին: Այնինչ, համընդհանուր ներառականության ապահովում է ցանկացած տիպի կարիք ունեցողի ինտեգրումը միջավայրին, օրինակ, ինչով ներառականություն չէ սիրիահայ երեխաների ինտեգրումը մեր հասարակությանը և դպրոցական կյանքին, կամ ասենք  բացառիկ կարողություններով օժտված երեխայի ինտեգրումը իր հասակակիցների շրջանում», - նշել է նախարար Լևոն Մկրտչյանը: Այս համատեքստում նախարարը կարևորել է  ուսուցչի օգնականի հաստիքի ներդրումը, որը, ի դեպ, եկող տարվա պետբյուջեի նախագծում ներառվել է:

Հանդիպման ընթացքում «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլի»  հայաստանյան ներկայացուցչության ծրագրերի իրականացման գծով ավագ ղեկավար Իռեն Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջիկայում որոշակի փոփոխություններ են տեղի ունենալու իրենց գործունեության ուղղությամբ: Նա նախարարին ներկայացրել է իրենց առաջիկա ծրագրերը` շեշտելով, որ կազմակերպությունը մտադիր է ընդլայնել գործունեության շրջանակը: Հաշվի առնելով հանրապետության կրթական համակարգի կարիքները` նախարար Լևոն Մկրտչյանն առաջարկել է ճշգրտել առաջնահերթություններն ու գործունեության ուղղությունները` առաջիկայում աշխատանքներն առավել համակարգված կազմակերպելու համար:

17.09.2016 13:47
1787

Copyright © 2012-2024 - Das.am



DAS.am-ի վերլուծությունների, հարցազրույցների կամ նորությունների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում ակտիվ հղումը www.das.am կայքի գլխավոր էջին պարտադիր է
Կայքում տեղադրված դասագրքերի լուծումների ամբողջական կամ մասնակի օգտագործումը թույլատրվում է միայն DAS.am կայքի խմբագրության գրավոր համաձայնության դեպքում: