Մեղրիի պետական քոլեջը 15 տարեկան է

ՀՀ կրթության և գիտության նախարարության Մեղրիի պետական քոլեջը տոնում է իր 15-ամյակը: Այդ առիթով քոլեջում կազմակերպվել էին հոբելյանական միջոցառումներ, որին մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարության, պետական և տեղական կառավարման մարմինների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրապետության նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների տնօրեններ, քոլեջի դասախոսներ, ուսանողներ:

Նախարարի խորհրդական Ա. Աղբալյանը ներկաներին է փոխանցել նախարար Լևոն Մկրտչյանի ուղերձը, որում, մասնավորապես, նշված էր. «Դարեր շարունակ մեր ազգն աշխարհին ներկայացել է մշակույթի, գրի և դպրության հանդեպ տածած իր համապարփակ սիրով: Մեղրիի պետական քոլեջի գործունեության անցած 15 տարիներն այդ մեծ նվիրումի իրեղեն ապացույցն են, որը կարևորվում է ոչ միայն կրթական և հոգևոր նշանակությամբ, այլ նաև նպաստում է մարզում առկա բազում տնտեսական և սոցիալական հիմնահարցերի լուծմանը՝ հայոց աշխարհի համար մեծ կարևորություն ունեցող այս չքնաղ տարածաշրջանի պահպանմանն ու բարգավաճմանը: Ցանկանում եմ առանձնակի շնորհավորել Մեղրիի պետական քոլեջի մանկավարժական կոլեկտիվին, մաղթել նրանց ամենայն բարիք, երջանկություն և անսահման լավատեսություն՝ հանուն մեր հայրենիքի ապագայի և մեր սերունդների երազանքների իրականացման: Սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում եմ նաև ձեզ: Լիահույս եմ, որ հավատարիմ հայրենասիրական ավանդույթներին և պատվախնդրության ոգուն՝ ձեր փայլուն առաջադիմությամբ ու աշխատասիրությամբ կշենացնեք ձեր կրթօջախը և մեր բոլորիս հայրենիքը, կդառնաք մեր պետության առաջընթացի արժանի կերտողները, կմնաք ձեր հող-հայրենիքի նվիրյալ զավակներ»: 

Նախարարի խորհրդական Ա. Աղբալյանն իր կողմից հավելել է, որ 2008 թվականին ՀՀ ԿԳ նախարարության աջակցությամբ ամբողջությամբ թարմացվել է Մեղրիի պետական քոլեջի գույքակազմը: «Տարիներ առաջ, երբ Երոպական Միության հետ մեկնարկեցինք 12 տարածաշրջանային քոլեջների ծրագիրը, բանակցությունների արդյունքում մեզ հաջողվեց բացի վերոնշյալ 12 քոլեջից, ծրագրում ներգրավել նաև հանրապետության բոլոր, այդ թվում՝ Մեղրիի պետական քոլեջը, որի արդյունքում դրանք համալրվեցին համապատասխան գույքով և սարքավորումներով: Այս 15 տարիների ընթացքում քոլեջն իսկապես պատմություն է կերտել. այն իրականացնում է ավելի մեծ առաքելություն՝ ամուր պահում է մեր հարավային դարպասը, երիտասարդներին կապում Մեղրիին», - նշել է Ա. Աղբալյանը՝ հիշեցնելով, որ հանրապետության նախնական և միջին մասնագիտական ուսհաստատությունների տնօրենների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ նախարար Լևոն Մկրտչյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ մարզային ուսհաստատությունները գտնվելու են նախարարության ուշադրության կենտրոնում:

Միջին մասնագիտական կրթության ոլորտում ունեցած երկարամյա մանկավարժական գործունեության և Մեղրիի պետական քոլեջի 15-ամյակի կապակցությամբ քոլեջի դասախոսներ  Մարգարիտա Պետրոսյանը և Անուշ Կուլյանը պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով, իսկ Շուշանիկ Բաբայանը և Կարինե Ստեփանյանը՝ շնորհակալագրով: Կրթության ոլորտում ունեցած երկարամյա գործունեության և բարեխիղճ աշխատանքի համար քոլեջի տնօրեն Թամամ Հովհաննեսյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրով:

ԿԳՆ

03.10.2016 14:42
4026

Copyright © 2012-2024 - Das.am



DAS.am-ի վերլուծությունների, հարցազրույցների կամ նորությունների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում ակտիվ հղումը www.das.am կայքի գլխավոր էջին պարտադիր է
Կայքում տեղադրված դասագրքերի լուծումների ամբողջական կամ մասնակի օգտագործումը թույլատրվում է միայն DAS.am կայքի խմբագրության գրավոր համաձայնության դեպքում: