Բռնությունը չի լինում ընտանեկան, կամ «ընտանեկան բռնության» հաղթարշավը Հայաստանում

Սույն հոդվածով կփորձենք բացահայտել մարդկանց «ուղեղների լվացման» համապատասխան  տեխնոլոգիաները և «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքում առկա այն ծուղակները, որոնք, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես և Հայաստանում ուղղված են քայքայելու ընտանիքի ինստիտուտը, նպատակ հետապնդելով երկրում ստեղծել ատոմիզացված հասարակություն:

Փաստենք, որ Հայաստանում «ընտանեկան բռնությունների» թվաքանակը վերջին տարիների ընթացքում անընդհատ աճում է:

Առաջանում է բնական հարց. այդ ինչո՞ւ է աճում «ընտանեկան բռնության» դեպքերը, եթե Հայաստանը հեղեղված է ոչ միայն «ընտանեկան բռնության» դեմ «պայքարող» հասարակական կազմակերպություններով, այլև տարեց տարի «կյանքի են կոչվում» բազում պետական ծրագրեր, որոնցով պատկան մարմինները ևս համառորեն պայքարում են «ընտանեկան բռնության» դեմ:

Թերևս, այստեղ ամենաուշագրավը «ընտանեկան բռնություն» կոչվող բառակապակցությունն է, որը վերցված է որպես թիրախ, և որի դեմ իրականում գնում է իբր համատարած պայքար:

Փաստենք, որ բռնությունը արարք է, որն իրականացնողը, անկախ իր անձնական հատկանիշներից, կատարման վայրից և բռնության ենթարկած անձից, պետք է պատժվի: Ուստի «ընտանեկան բռնության» դեմ իրական պայքարը նախ պետք է կոչվի «պայքար բռնությունների դեմ, որոնք տեղի են ունենում նաև ընտանիքներում»: Սակայն, չգիտես ինչու,  այդպիսի պայքար Հայաստանում չի ծավալվում, փոխարենը իրականացվում է «ընտանեկան բռնության դեմ» պայքար, որը հոմանիշը չէ բռնությունների դեմ պայքարին, որտեղ էլ որ այն տեղի ունենա:

«Ընտանեկան բռնության դեմ» պայքարն իրականում ուղղված է մարդկանց մոտ ստեղծելու այնպիսի պատրանք, թե իբր ընտանիքը բռնության որջ է, իսկ ցանկացած ամուսին` բռնակալ: Ասվածի ապացույցն այն է, որ բավական է մեկ բռնության դեպք արձանագրվի որևէ ընտանիքում և համապատասխան ՀԿ-ները կլծվեն շեփորահարելու համայն Հայաստանով, որ տեղի է ունեցել հերթական «ընտանեկան բռնությունը», ԶԼՄ-ները մի քանի օր անընդհատ կլուսաբանեն այն, իսկ հիվանդագին երևակայությամբ որոշ վայ մտավորականներ այն կդարձնեն դարի մեծագույն ողբերգություն, նշելով, որ այդպիսի դեպքեր Հայաստանում տեղի են ունենում ամեն օր, և, կարծես թե, հաճույք կստանան այդ ապատեղեկատվության տարածումից:

Ցավով պետք է արձանագրել, որ «ընտանեկան բռնության» դեմ պայքարը տալիս է ակնկալվող «արդյունքները», քանզի յուրաքանչյուր տարի ավելանում են այդ բռնությունների դեպքերը: «Ընտանեկան բռնության» դեմ պայքարող հայաստանյան ՀԿ-ների աշխատանքը ֆինանսավորող միջազգային բազում կազմակերպություններ կարող են արձանագրել իրենց որոշակի հաջողություններն այս ասպարեզում:

Ըստ մեր արժեհամակարգի, ընտանիքը սիրո հենքի վրա զույգերի կամավոր միություն է, խասխված «ՏԵՐ ԵՄ» և «ՀՆԱԶԱՆԴ ԵՄ» ուխտի վրա:

Բռնությունները, որոնք առաջանում են ընտանիքներում հետևանք են բազում պատճառների՝ անհավատության, ընտանեկան սիրո պակասի, սոցիալական ծանր վիճակի, զանգվածային լրատվամիջոցներով համատարած բռնության քարոզի, հատկապես հայկական արտադրության սերիալներում, ծայրահեղ ծանր վիճակում հայտնված ընտանիքների նկատմամբ պետության կողմից ուշադրության բացակայության, բարեգործության պակասի, մարդկանց աշխարհընկալման խեղաթյուրման, նյութապաշտության մոլուցքի,դաստիարակության պակասի, պետական պատկան կառույցների անգործության և այլն և այլն:

Սակայն, չգիտես ինչու, բռնությունը, որը տեղի է ունեցել որևէ ընտանիքում, ցավի, օգնության, կարեկցանքի փոխարեն, դառնում է մատի փաթաթան ՊԱՅՔԱՐՈՂ ՀԿ-երի և մազոխիստ որոշ  «մտավորականների» համար:

Ցույցեր և հեռուստաշոուներ, ճոխ սեղաններով քննարկումներ և կոնֆերանսներ, ֆիլմեր և գրքեր, դատավորի և դահիճի կարգավիճակին հավակնող բազում անհատներ՝ հիվանդ և առողջ, և այս ամենը դեռ մի փոքր մասն է այն «իրականության», որով տարվում է անմնացորդ պայքար ընդդեմ «ընտանեկան բռնության»:

Ստեղծվում է տպավորություն, որ այս պայքարի որոշ «առաջամարտիկները», զրկված են ընտանեկան սիրուց և ուրախությունից, վիշտը լռությամբ և արժանապատվությամբ կրելու շնորհքից, առանց ցցվելու օտարին դժբախտության ժամին անշահախնդիր օգնություն ցուցաբերելու կարողությունից, քանզի այս ամենը իրենց համար պարզապես բիզնես պրոյեկտ է, «տուն պահելու» միջոց, այլոց դժբախտության հաշվին, կամ էլ արևմուտքին շուստրիությամբ «հիմարացնելու և գցելու» գործելաոճ:

Սերկարեկցանքօգնությունհույսհավատ տալու փոխարեն, առավոտից ուշ երեկո, աջ ու ձախ «ՊԱՅՔԱՐԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ» բղավում են «ընտանեկան բռնություն», «ընտանեկան բռնություն», «ընտանեկան բռնություն»… կարծես թե իրենց համար մոգական այս բառերը արտասանելուց հետո ամեն ինչ կկարգավորվի:

«ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ» համար «ընտանեկան բռնություն» կոչվածը «կանաչի փայլով արժեք» ունեցող կարգախոս է ընդամենը, որի մասին շեփորահարումը և «պայքարը» արդեն իսկ հակագովազդ է, քարոզչական մշակված տեխնոլոգիա, որի կիրառումը բազում եվրոպական երկրներում «ընտանեկան բռնության» կտրուկ աճ է արձանագրել:

Հարկ է նշել, որ միգուցե «ընտանեկան բռնության» դեմ պայքարող հայաստանյան ՀԿ-ները ոչ միշտ են գիտակցում, թե իրականում ո՞ւմ և ի՞նչ նպատակի են ծառայում: Այս տեսանկյունից նրանք նույնպես զոհեր են մի քարոզչական համակարգի, որի հեղինակները իրենք չեն և միգուցե չեն էլ պատկերացնում, թե ինչ իրական նպատակներ են հետապնդում «ընտանեկան բռնության» դեմ պայքարի գաղափարաբանությունը:

Արդյունքում, երեխաներին օտարելով ընտանիքներից բռնություններից պաշտպանելու քողի ներքո ընտանիքներ մուտք գործելու հնարավորություն են ստանում: Մեր զավակների նկատմամբ, ըստ իրենց, մեզանից ավելի հոգատար հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, սոցիալական աշխատողները, որոնք երեխաներին տեղափոխում են ապաստարաններ, որտեղից ավելի դյուրին կերպով երեխաներին կարող են օգտագործել հանցավոր նպատակներով։

 

Աղբյուր՝ Hanun.am

13.12.2016 16:17
45953

Copyright © 2012-2024 - Das.am



DAS.am-ի վերլուծությունների, հարցազրույցների կամ նորությունների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում ակտիվ հղումը www.das.am կայքի գլխավոր էջին պարտադիր է
Կայքում տեղադրված դասագրքերի լուծումների ամբողջական կամ մասնակի օգտագործումը թույլատրվում է միայն DAS.am կայքի խմբագրության գրավոր համաձայնության դեպքում: