Սահմանվել է անվանական կրթաթոշակ` օլիմպիադաներում բարձր արդյունք ցուցաբերած աշակերտների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով 2020 թվականի հունվարի 1-ից կգործի հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի տրամադրման նոր կարգը։

Հրամանի համաձայն՝ մեկ տարի ժամանակով ամսական նշված չափի կրթաթոշակ կարող են ստանալ հանրակրթական ուսումնական հաստատությունների այն սովորողները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ․

  • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 25․000 դրամ

  • ​երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 20․000 դրամ

  • ​երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 15․000 դրամ

  • ​եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ 10․000 դրամ,

միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ.

  • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 15․000 դրամ

  • ​երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 10․000 դրամ

  • երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7․500 դրամ,

 ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ).

  • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 10․000 դրամ

  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7․500 դրամ

  • երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 5․000 դրամ:

Կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով` մեկ տարվա համար (ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված անվանական կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ): Սահմանվել է նաև, որ կրթաթոշակ ստացողների ցանկում միաժամանակ երկու կամ երեք հիմքով ընդգրկվելու դեպքում սովորողը կստանա կրթաթոշակ՝ դրանց հանրագումարի չափով: 

Տեղեկացնենք, որ 2020 թ. պետական բյուջեի նախագծում ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի համար նախատեսվել է ավելի քան 35 մլն դրամ, որը կտրամադրվի օլիմպիադաներում բարձր արդյունքներ ցուցաբերած շուրջ 370 աշակերտի: Համեմատության համար նշենք, որ 2018 թ. մասնագիտացված կրթական ծրագրեր իրականացնող դպրոցների գերազանց առաջադիմությամբ, ինչպես նաև հանրապետական և միջազգային օլիմպիադաներում բարձր արդյունքներ ցուցաբերած շուրջ 300 աշակերտի կրթաթոշակի համար  հատկացվել է մոտ 13 մլն դրամ: Ընդ որում, նշված 300 աշակերտներն ընդգրկված են եղել մասնագիտացված 4 դպրոցներում, իսկ նախարարության անվանական կրթաթոշակը նախատեսված է ՀՀ բոլոր դպրոցների համար, եթե այդ դպրոցներում կան սահմանված չափանիշներին բավարարող աշակերտներ:

 

Աղբյուր՝ http://edu.am/index.php/am/news/view/7862

 

11.11.2019 17:58
11872

Copyright © 2012-2024 - Das.am



DAS.am-ի վերլուծությունների, հարցազրույցների կամ նորությունների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում ակտիվ հղումը www.das.am կայքի գլխավոր էջին պարտադիր է
Կայքում տեղադրված դասագրքերի լուծումների ամբողջական կամ մասնակի օգտագործումը թույլատրվում է միայն DAS.am կայքի խմբագրության գրավոր համաձայնության դեպքում: