«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը կաջակցի քաղաքացիական կրթությանը

ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի միջև այսօր ստորագրվել է կրթության ոլորտում համագործակցության մասին հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և  «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Թոմաս Շրապելին:  Շնորհավորելով հուշագրի ստորագրման առթիվ` նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը նշել է. «Հուշագրի ստորագրմամբ շարունակում ենք մի գործընթաց, որն ուղղված է «Հասարակագիտություն» առարկայի զարգացմանը, մասնավորապես քաղաքացիական կրթության հետ կապված: «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը մեծ պատմություն ունի. ընդհանրապես Գերմանիան քաղաքացիական դաստիարկության շատ մեծ  դպրոց ունի, և այդ առումով փորձի փոխանակումը և պատրաստակամությունը` աջակցել այս գործընթացին, մեզ համար ոգևորիչ է: Այս հուշագրով մենք նախատեսում ենք աշխատել առարկայական ծրագրի զարգացման, ինչպես նաև դասագրքերի և կրթական ռեսուրսների մշակման և զարգացման ուղղությամբ: Նպատակ կա, որ «Հասարակագիտություն» առարկայի և, մասնավորապես, քաղաքացիական կրթության բաղադրիչի զարգացման միջոցով կարողանանք մեր երկրում մեկ քայլով առավել մոտենալ դեպի ժողովրդավար և ակտիվ քաղաքացու ձևավորմանը»,-նշել է նախարարի տեղակալը:

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Թոմաս Շրապելին իր հերթին նշել է, որ հուշագրի ստորագրումը էական նշանակություն ունեցող իրադարձություն է: «Մենք կարևորում ենք քաղաքացիական կրթությունը, և այդ առումով Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որի կառավարության հետ, ի դեմս` ՀՀ կրթության և գիտության նախարարության, կնքվել է նման հուշագիր, որի շրջանակում կիրականացնենք շատ կարևոր գործընթաց: Ծրագրի շրջանակում գործընկեր կազմակերպություն է հանդիսանում նաև Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը, որը ծրագրի բովանդակային մասով պատասխանատու է լինելու ԿԳՆ-ի հետ միասին»,-ընդգծել է նա:

Նշենք, որ համաձայն հուշագրի` «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը կտրամադրի ֆինանսական աջակցություն: Բացի այդ, ԿԳ նախարարությունը և հիմնադրամը կդիմեն Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնին՝ ապահովելու համապատասխան որակավորում ունեցող մասնագետների ներգրավվածություն, դասավանդման գործընթացի կազմակերպում, դասախոսությունների և հրատարակվող նյութերի մասնագիտական որակ, իրականացնելու ԿԳ նախարարության կողմից ընտրված երեք ավագ դպրոցներում դասավանդվող «Հասարակագիտություն» առարկայի կատարելագործման գործընթացը, նպաստելու  սովորողների  ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության մասին տեղեկատվության մակարդակի բարձրացմանը, աջակցելու ԿԳ նախարարության կողմից ընտրված երեք ավագ դպրոցում «Հասարակագիտություն» առարկան դասավանդող ուսուցիչների վերապատրաստմանը և այլն: ԿԳ նախարարությունը նախատեսված աջակցության իրականացման համար «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամին և Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնին կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվություն, կապահովի համագործակցությունը ընտրված երեք ավագ դպրոցների հետ:  

20.03.2017 22:51
12756

Copyright © 2012-2024 - Das.am



DAS.am-ի վերլուծությունների, հարցազրույցների կամ նորությունների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում ակտիվ հղումը www.das.am կայքի գլխավոր էջին պարտադիր է
Կայքում տեղադրված դասագրքերի լուծումների ամբողջական կամ մասնակի օգտագործումը թույլատրվում է միայն DAS.am կայքի խմբագրության գրավոր համաձայնության դեպքում: