Ֆրանսիական համալսարանում կբացվի ասպիրանտուրա

ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում  Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան  Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հետ:
Հանդիպման հիմնական առանցքում եղել է մեր երկրի կրթական համակարգի բոլոր օղակներում ֆրանսիական մասնակցության ակտիվացմանը և  Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետագա գործունեությանն ու զարգացմանն առնչվող հարցեր:

«Որպես ֆրանկոֆոն երկիր մենք որոշակի պարտավորություն ունենք  ֆրանկոֆոն մշակույթի և ֆրանսերեն լեզվի տարածման ու զարգացման գործում: Այդ առումով ուզում եմ տեղեկացնել, որ ներկայում կրթության նախարարությունը նախաձեռնել է  օտար լեզուների պահպանման հայեցակարգի մշակման գործընթացը, որտեղ առանձին հատվածով կներկայցվեն ֆրանսերեն լեզվի պահպանության և տարածման ուղիները»,-նշել է նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը կարևորել է  ֆրանսիական համալսարանի դերը մեր երկրի կրթական համակարգում, ինչպես նաև համալսարանական անկախ համակարգի առկայությունը` երկրի ինքնուրույնության և ինքնիշխանության գործում:  
Իր հերթին դեսպան Շարպանտիեն շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` ընդգծել է, որ Հայաստան-Ֆրանսիա փոխգործակցությունում Հայաստանում Ֆրանսիական համալսարանը կարևորագույն ձեռբերումն է: Խոսելով համալսարանի հետագա գործունեության հետ կապված ծրագրային և կազմակերպչական մի շարք հարցերի շուրջ` դեսպանը հավաստիացրել է, որ համալսարանի վարչական վերջին խորհուրդը վերահաստատել է սովորողների համար սոցիալապես մատչելիության սկզբունքը: Դեսպան Շարպանտիեն տեղեկացրել է նաև, որ համալսարանի գործունեության զարգացմանը, ուսանողների թվի ավելացմանը զուգընթաց որոշակի խնդիրներ են առաջանում, որոնք համատեղ լուծումներ են պահանջում: 

Այդ առնչությամբ ԿԳ նախարարը տեղեկացրել է, որ այժմ շրջանառության մեջ է «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը, որտեղ ի թիվս այլ հարցերի` հստակ սահմանված է պետական, ոչ պետական և միջազգային պայմանագրերով հիմնադրված բուհերի կարգավիճակը, որը հնարավորություն կտա կարգավորել կազմակերպաիրավական, ֆինանսական և մի շարք այլ խնդիրներ: Լևոն Մկրտչյանը ողջունել է Ֆրանսիական համալսարանի կողմից ասպիրանտուրա հիմնադրելու քայլը և իր պատրաստակամությունը հայտնել համալսարանին  սատարելու այդ գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը շեշտել են մեր երկրում  ֆրանսերենի խորացված  ուսուցմամբ դպրոցների ավելացման, ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման, ֆրանսերեն լեզվի տարածման և զարգացման, ֆրանկոֆոն մշակույթի և ֆրանսերեն լեզվի  տարածման ուղղությամբ գործնական քայլեր կատարելու անհրաժեշտությունը:

ԿԳՆ

15.10.2016 12:54
14347

Copyright © 2012-2024 - Das.am



DAS.am-ի վերլուծությունների, հարցազրույցների կամ նորությունների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում ակտիվ հղումը www.das.am կայքի գլխավոր էջին պարտադիր է
Կայքում տեղադրված դասագրքերի լուծումների ամբողջական կամ մասնակի օգտագործումը թույլատրվում է միայն DAS.am կայքի խմբագրության գրավոր համաձայնության դեպքում: