Նախագիծ. պետության համար առաջնային կարևորության մասնագիտությունների համար ուսանողական կրթաթոշակները կբարձրանան

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բուհերում առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը սահմանելու, պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը հաստատելու մասին նախագիծը:

Նախագծի ընդունման նպատակն է հասանելի և մատչելի կրթական ծառայությունների ապահովումը օրենքով նախատեսված սոցիալական խմբերի համար, ինչպես նաև ֆինանսական աջակցության մեխանիզմների բազմազանեցումը, այդ թվում՝ կրթաթոշակների տրամադրման համակարգի էական լավարկման միջոցով։

Բարձրագույն կրթության ոլորտում ներկայում կիրառվում է կրթաթոշակային քաղաքականություն, և պետական բյուջեից հատկացվում են զգալի միջոցներ, սակայն դա խթան չի հանդիսանում սովորողների առաջադիմության ու կրթական արդյունքի բարելավման համար՝ հաշվի առնելով մեկ ուսանողին հատկացվող կրթաթոշակի չափը, որը տատանվում է 4-5 հազար դրամի սահմաններում։ Հատկացված միջոցները նպատակային չեն համարվում, ուստի անհրաժեշտություն է առաջացել վերանայել կրթաթոշակային քաղաքականությունը՝ մեծացնելով յուրաքանչյուր ուսանողին տրվող կրթաթոշակի չափը և հստակեցնելով կրթաթոշակի տրամադրման պայմաններն ու պահանջները:

Այսպիսով՝ նախագծով սահմանվել են բուհերում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակի չափերը՝

1) պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով սովորողներին՝

  • առաջին կուրսում՝ 70 հազար դրամ,
  • հաջորդ կուրսերում նախորդ ուստարվա արդյունքներով միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի 90,01 % և բարձր ՄՈԳ ունեցողներին 77 հազար դրամ, 80,01-90,00% ՄՈԳ ունեցողներին՝ 70 հազար դրամ:

2) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող մինչև 23 տարեկան, ֆունկցիոնալության ծանր կամ խորը աստիճանի սահմանափակում ունեցող սովորողներին՝ 50 հազար դրամ` ըստ առաջադիմության:

Նախագծով ներկայացվել է նաև բարձրագույն կրթության ոլորտում պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների /կրթական ծրագրերի/ ցանկը, որոնցով սովորելու դեպքում տրվում է պետական կրթաթոշակ: Հիմք ընդունելով ոլորտում իրականացված, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տրամադրած վերլուծությունները, սահմանվել են պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտությունները՝ մասնագիտական մանկավարժության՝ ըստ ԲՏՃՄ ուղղությունների, և ագրարային համապատասխան մասնագիտությունները:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կապահովվի կրթաթոշակի տրամադրման նոր համակարգ, որը կնպաստի ՀՀ տնտեսությունը և աշխատաշուկան նոր ու որակյալ կադրերով համալրմանը, ինչպես նաև համապատասխան բուհերի՝ պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության տեղերի մրցակցության բարձրացմանը:

Որոշումը տարածվում է 2023-2024 ուստարում ընդունված սովորողների վրա: Մինչև որոշման ուժի մեջ մտնելը բուհեր ընդունված սովորողների նկատմամբ կիրառվում են գործող կարգավորումներն ու պետական կրթաթոշակի չափերը։

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև ապրիլի 18-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Առաջարկությունների և դիտողությունների արդյունքում նախագիծը կլրամշակվի և սահմանված կարգով կներկայացվի հաստատման:

 

 

Աղբյուր

11.04.2023 7:19
11769

Copyright © 2012-2024 - Das.am



DAS.am-ի վերլուծությունների, հարցազրույցների կամ նորությունների մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում ակտիվ հղումը www.das.am կայքի գլխավոր էջին պարտադիր է
Կայքում տեղադրված դասագրքերի լուծումների ամբողջական կամ մասնակի օգտագործումը թույլատրվում է միայն DAS.am կայքի խմբագրության գրավոր համաձայնության դեպքում: